Uncategorized

Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 03.07.2020


Հուլիսի 3-ը երկրում սկսվել է Սահմանադրական դատարանի շուրջ հերթական սկանդալով, այս անգամ հենց շենքի մուտքի մոտ: Առավոտյան Բարձր ատյանի դատավոր Հրանտ Նազարյանի մուտքն աշխատավայր կանխել են բարձրաստիճան ոստիկաններ։  Նազարյանը գրավոր փաստաթղթեր է պահանջել, ոստիկանները, սակայն, վկայակոչել են իրենց ղեկավարության բանավոր կարգադրությունը։ Գործողությունը գլխավորել է գնդապետ Հրաչյա Զատիկյանը: Ի դեպ, մամուլի տեղեկություններով՝ օրեր առաջ վարչապետի կեսգիշերային գրառմանը հաջորդած զարգացումներից հետո, ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանն ու Ֆելիքս Թոխյանը դադարեցրել էին աշխատանքի հաճախել:


Ավելի ուշ ոստիկանությունը պարզաբանում է հրապարակել, թե Ազգային Ժողովի հայտնի որոշումից հետո 12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամի կամ դատավորի լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, իրենց գործողություններն էլ բխել են նոր ընդունված նորմի «համակարգային վերլուծությունից»:


Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ պնդել է, որ ոստիկանները ՍԴ դատավորի մուտքը դատարան խոչընդոտելու իրավական հիմք ներկայացնել չէին կարող, քանի որ միակ, չակերտավոր «իրավական» հիմքը, բռնապետի վերածված վարչապետի ֆեյսբուքյան, դարձյալ չակերտավոր, «հրովարտակն» է։ Ոստիկանության տվյալ սպաները, առնվազն նրանց հրամանատարն, ըստ Մելիքյանի, հանցանք են գործել եւ չեն կարող ազատվել պատասխանատվությունից՝ պնդելով, թե հրաման են կատարել։


Վերջին օրերին հայ հանրության օրակարգային հարցերից է նաեւ Հայաստանում հակառուսական էյֆորիան, որին նախօրեին անդրադարձել է ԲՀԿ առաջնորդը: Իր հայտարարությունում նա շեշտել է, որ որպես Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի նախագահ, քաղաքական գործիչ եւ  քաղաքացի, կանի ամեն ինչ՝ կանխելու երկրում հակառուսական տրամադրություններ բորբոքելու սադրանքները: Ըստ Ծառուկյանի, դրանց արհեստական սրացումներն ակտիվորեն իրագործվում են հակահայկական և հակապետական ուժերի ակտիվ ջանքերով, որոնց վերջնական նպատակն է երկու ժողովուրդների բարեկամական կապերի խզումը, Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրս բերումը, ինչը Թուրքիայի և Ադրբեջանի երազանքն է:


Ըստ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի՝ եթե որոշ մարդիկ կարծում են, որ լարելով հակառուսական տրամադրություններ` բարձրացնում են Հայաստանի ինքնիշխանության մակարդակը, ապա այդ մարդիկ կա՛մ հիմար են կա՛մ գործակալ, կա՛մ երկուսն էլ միաժամանակ։


Թեմայի շուրջ ահազանգ է  հնչեցրել նաեւ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, շեշտելով, որ Կովկասի համար երկու երկիր է պայքարում՝ Թուրքիան ու Ռուսաստանը: «Այս ռեգիոնին մուշտարու աչքով նայող երրորդ երկիր չկա, անգամ՝ Իրանը ռեսուրսներ չունի։ Մյուս խաղացողներն ուզում են կոմունիկացիաներ անցկացնել, կամ՝ խոչընդոտել, Իրանի դեմ պլացդարմ սարքել, կամ դա թույլ չտալ, Թուրքիայի ճանապարհը փակել դեպի Կովկաս ու Միջին Ասիա կամ բացել», գրել է քաղաքագետը։


ԱԱԾ տնօրենի պաշտոնում իշխանական օղակներում հակառուսական տրամադրություններին ընդդիմացող Արթուր Վանեցյանի համոզմամբ էլ՝ վերակառուցել դաշնակից եւ բարեկամ պետությունների հետ փոխհարաբերությունները, որոնք փչացել են իշխանության հետեւողական ապաշնորհության հետեւանքով, հնարավոր է հանրային համերաշխության ճանապարհով: Նրա խոսքով՝ Փաշինյանի կառավարման շրջանը հայոց պատմության մեջ կմնա որպես անորոշության, տարերային փլուզման եւ դժբախտության ժամանակաշրջան:


«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը չի կարծում, որ Հայաստանում եղել է, կա կամ կլինի կամիկաձե կամ  ինքնասպանության գնացող իշխանություն, որը կմտածի Հայաստանում հակառուսական տրամադրություններ  գեներացնելու մասին:


Այս խորապատկերում Հայաստանում պրոգրեսիայով աճող կորոնավիրուսային վիճակագրությունն ուղեկցվում է սկանդալային պատմություններով: Մեկ օրում գրանցվել է  վարակվելու 662 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 27320-ի, մահերի թիվն ավեացել է 10 ու հասել 469-ի: COVID-19-ով վարակված 156 մարդու մահվան պատճառ էլ նշվում են այլ հիվանդությունները:


Կորոնավիրուսից մահացած գյումրեցի կնոջ դին գտնվելուց հետո էլ այս պատմության  շուրջ կրքերը չեն հանդարտվում: Սխալմամբ Նոր Հաճն ուղարկված եւ այնտեղ հուղարկավորված տատիկի մարիմնն արտաշիրիմվել է, հարազատները նրան հուղարկավորել են։  Ճանաչումն իրականացրել է հունիսի 29-ից ի վեր տատիկի որոնումներով զբաղվող թոռը:  Երեկոյան հայտնի դարձավ, որ տատիկին ուրիշի փոխարեն հուղարկավորած քաղաքացիների հարազատն իրականում ողջ է:


Տատիկի տխուր ոդիսականը այսքանով չի սահմանափակվել. հանգուցյալի հեռախոսից փողն իր հեռախոսին փոխանցած մայրապետի դեմ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնը, որ սկզբում կասկածում էր տատաիկի փողերը հափշտակելու պնդման հավաստիությանը, կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ է հարուցել։


Այս ամենից հետո էլ ողբերգազավեշտական այս պատմությունը առողջապահության նախարարն այլ տեսանկյունից է ներկայացնում.  նրա բառերով՝ հարազատն իր հարազատի դին ճանաչել է, բայց իրականում այդպես չի եղել, հետո ներողություն են խնդրել, որ սխալ մարդու դի են ճանաչել: Ըստ Արսեն  Թորոսյանի, տեղի է ունեցել շփոթմունք ճանաչման պրոցեսում, հրաժարական տալու միտք էլ չունի։


Իսկ Թորոսյանի՝ քաղաքականությամբ զբաղվելու ժամանակ ունենալու վերաբերյալ հարցը լրագրողներին հուզում էր նախօրեին՝ ԲՀԿ-ի «այգին նրա նետած քարերի» պատճառով: Ակնհայտորեն ծաղրելով այս խնդրով զբաղվող ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, Թորոսյանը գրել էր, մեջբերումն ըստ նախարարի ուղղագրության՝ «Տիկին Զոհրաբյան, ես շատ շնորհակալ եմ Ձեզնից կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մեր քաղաքացու դիակի ճանաչման հետ կապված խնդրի մասին բարձրաձայնելու համար, չնայած ինքս տեղյակ էի այդ հարցից և զբաղվում էի դրա լուծմամբ։ Իսկ հիմա լավ կլինի վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային, եթե իհարկե դա ձեր մոտ ստացվի, ինչում խիստ կասկածում եմ»։


Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը հորդորել է նախարարին իրենց քաղաքական ուժով այդքան չմտահոգվել. «Իսկ այ կորոնավիրուսի դեմ տապալված պայքարով, այլևս անկառավարելի դարձած իրավիճակով ու այս ամենի համար ձեր բոլորի հավաքական պատասխան տալու ոչ նախանձելի հեռանկարով հաստատապես մտահոգվելու բան ունեք: Բնականաբար, ես չէի էլ սպասում, որ կունենաք այդքան ուժ՝ ընդունելու ձեր բացթողումներն ու չանցնելու բանավեճի կոռեկտության սահմանը։ Դրա համար ոչ միայն դաստիարակություն է պետք, այլեւ ձեր թիմի անսխալականության սինդրոմից ազատվելու ունակություն»,- գրել է նա:


Զոհրաբյանի կուսակից պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով էլ՝ բացառիկ ցինիզմ է պետք սեփական ապիկարության ու անտաղանդության պատճառով մարդկանց ողբերգության հասցնելուց հետո ֆեյսբուքում մառազմատիկ ստատուսներ շաղ տալու համար: «Առողջապահական համակարգը խորը ճգնաժամի մեջ է, կորոնավիրուսի հիվանդացության ու մահերի ցուցանիշները արդեն անկառավարելի տեմպեր են արձանագրում, մահացածների դիակները շփոթում ու ուրիշ ընտանիքների են տալիս, իսկ նախարարի աթոռը զբաղեցնող անձը լկստվում է ֆեյսբուքում»,- նշել է նա:


Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն էլ գրել է. «Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ եք մեր ժողովրդի գլխին, հանգիստ նստեք տեղներդ ու պատրաստվեք Ազգային Ժողով֊ի քննիչ հանձնաժողովում պատասխանել կորոնավիրուսի տապալման հետ կապված բոլոր հարցերին։ Մարդ որքա՞ն լկտի կարող է լինել, որ անգամ ներողություն չխնդրի մահացածի հարազատներից, որ դիակը կորցրել են, ու դեռ հաթաթա տա», գրել է նա:


Իսկ այդ ընթացքում Նաիրա Զոհրաբյանը բացահայտել է դիակներ կորցնելու եւս մեկ խայտառակ դրվագ: Ըստ նրա՝ հարազատներն իրենց մորաքրոջը տարել են հուղարկավորել, սակայն  «ինքնահողի» օրը մորաքույրը զանգել, ասել է՝ «էս մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք՝ ոնց եմ, ոնց չեմ»:


Մի քանի լուր էլ դիմակների թեմայով: Քառյակ մեդիային պատկանող «Արմնյուզ» հեռուստաընկերություն է այցելել 2 ոստիկանության ու տեղյակ պահել, որ հարուցվել է վարչական վարույթ այն հիմքով, որ լուրերի տաղավարում հեռուստամեկնաբաններից Աբրահամ Գասպարյանը չի կրել դիմակ: Օրվա երկրորդ կեսին ոստիկանները նույն նպատակով այցելել են ընդդիմադիր կեցվածքով հայտնի 5-րդ ալիք հեռուստաընկերություն:


Գիշերն էլ ոստիկանները, կարելի է ասել, համառորեն տուգանել են երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանին, որը կեսգիշերն անց միայնակ փողոցում վազելիս իջեցրել էր դիմակը:


Իսկ Նիդեռլանդներում «սիրո քրմուհիները» սահմանափակումների մեղմացումից հետո ողջունում են իրենց հաճախորդներին, նրանց միայն խորհուրդ է տրվում խուսափել ծանր շնչառությունից եւ համբույրներից՝ COVID-19-ի ռիսկը նվազեցնելու համար։ Մերկապարուհիներն ու գիշերային թիթեռնիկները անցած երեքուկես ամիսներին զրկվել էին եկամտի հիմնական աղբյուրից եւ, ինչպես ցավով նշում է միջազգային մամուլը,  չէին օգտվել պետական աջակցությունից։


ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.48 դամով ու հասել  482.84 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.17 դրամով ու կազմել  543.30 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.59 դրամով  ու կազմել  602.36 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով  ու կազմել 6.81 դրամ։


Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի առանձին վայրերում, նաեւ Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +20+22, վաղը ցերեկը՝ +31+33։





Source link