ՏնտեսությունՔաղաքականություն

ՀԴՄ չտրամադրելու համար տուգանքը կարող է լինել 600 հազար դրամ բոլոր ոլորտներում

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց հավասարեցնել սննդի և գործունեության մյուս ոլորտների՝ ՀԴՄ չտրամադրելու դեպքում տուգանքի չափը:

Ներկայացնելով նախագիծը՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ պատգամավորների կողմից առաջարկվում է մեղմել ՀԴՄ կանոնների կիրառության խախտման համար տուգանքի չափը հանրային սննդի ոլորտում: Պատգամավորները դա հիմնավորել էին վաճառքի բոլոր կետերին միասնական մոտեցման նպատակահարմարությամբ: Ատոմ Ջանջուղազյանը միասնական մոտեցման անհրաժեշտությունն ընդունեց, սակայն նշեց, որ այդ համակարգում ոչ թե պետք է իջեցնել սննդի կետերի տուգանքի չափը, այլ բարձրացնել մյուսներինը:

«Միասնական մոտեցմանը համաձայն ենք, բայց ոչ թե իջեցնելու ուղղությամբ, այլ բարձրացնելու»,- ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ հանրային սննդի բնագավառում գործող կազմակերպություններն այսօր հնարավորություն ունեն գործել թե՛ որպես շրջանառության հարկի վճարող և թե՛ ընդհանուր հարկման համակարգում, ու եթե նախկինում նրանց ռիսկը կապված էր արժեշղթայի մյուս կազմակերպությունների հետ, և դրա հետ կապված՝ կորցնելու կամ վարչարարության խնդիրներ կարող էին առաջանալ, ապա այս դեպքում կոնկրետ խթաններ կան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար այս պահին գործում է տուգանքի երկու մակարդակ. հանրային սննդի ոլորտում դա 600 հազար դրամն է, իսկ մյուս ոլորտներում՝ 150 հազար դրամը: «Այս առաջարկով նախատեսվող հավասարեցնելուն համաձայն ենք, բայց իջեցնելը հակասում է մեր քաղաքական ուղերձներին: Մենք ասում ենք, որ 2020 թ. ՀԴՄ-ների չտրամադրման դեմ պայքարը կրկնակի, եռակի, քառակի անգամ ուժեղանալու է: Եվ բոլոր դեպքերում եթե մենք համաձայնեցնում ենք, 150-ը պիտի դառնա 600 հազար, այլ ոչ թե 600-ը՝ 150, որպեսզի մեր մտադրությունների լրջությունը պարզ լինի բոլորին: Համաձայնեք, տարօրինակ կլինի, որ էսքան ասում ենք՝ ՀԴՄ-ՀԴՄ, մեկ էլ ՀԴՄ չտրամադրելու համար տուգանքը որևէ պատճառով որևէ տեղում իջեցնում ենք: Իջեցումն անընդունելի է, բարձրացումն ընդունելի է, բայց եթե կոնսենսուս չկա, ավելի լավ է՝ ամեն ինչ թողնենք այնպես, ինչպես կա»,- ասաց Փաշինյանը:

«Պիտի խնդրեմ հաշվի առնեք. որ ասում եք՝ «կա՛մ չփոխենք, կա՛մ բարձրացնենք» չփոխելու հետ կապված մենք վերապահում ունենք. պիտի՛ բարձրացնենք»,- նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ ՊԵԿ-ն էլ նախատեսում է նման առաջարկ ներկայացնել կառավարությանը: «Կարող են լինել տեխնիկական խնդիրներ՝ ՀԴՄ սարքերի՝ կտրոն չտպելու հետ կապված: Բոլոր այդ խնդիրները հորդորում եմ ներկայացնել. յուրաքանչյուր դեպքով, որ վիճարկելի է, առանձին որոշումներ են կայացվում»,- նշեց նա:

Կառավարության նիստի անդամները միաձայն քվեարկությամբ որոշում ընդունեցին ԱԺ-ի իրենց գործընկերների հետ աշխատել ՀԴՄ չտրամադրելու դեպքում գործունեության բոլոր ոլորտներում հավասար չափով տուգանք սահմանելու ուղղությամբ՝ պահելով տուգանքը չիջեցնելու սկզբունքը: