ԳլխավորՏնտեսությունՔաղաքականություն

Տեղի ունեցած կասկածելի, խնդրահարույց մասնավորեցման գործարքների արդյունքում մեծ վնաս է հասցվել Հայաստանի տնտեսական անվտանգությանն ու տնտեսական ինքնիշխանությանը, ինչը նվազեցրել ու խոցելի է դարձրել պետության ինքնիշխանությունը. Արման Բաբաջանյան 

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ 1991 թվականից ի վեր տեղի ունեցած սեփականաշնորհման գործընթացն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն միշտ է եղել։ «Այս պահին չեմ ցանկանում առանձնացնել սեփականշնորհման որևէ առանձին գործարք, կարող եմ ասել միայն, որ հատկապես խոշոր, ռազմավարական նշանակություն ունեցող գրեթե բոլոր օբյեկտների սեփականաշնորհման գործարքները եղել են խնդրահարույց, կասկածելի՝ սկսած 1990-ականների սկզբին արդյունաբերական ձեռնարկությունների ապապետականացումից, մինչև ենթակառուցվածքային նշանակություն ունեցող ընկերություններ՝ էլեկտրական ցանցեր, հանքարդյունաբերական ձեռնարկություններ, կապի օբյեկտներ: Ընդ որում, առաջին հայացքից տնտեսական թվացող այդ գործարքներն ունեցել են նաև, իսկ շատ ավելի հաճախ՝ առավելապես քաղաքական նշանակություն, իսկ ռազմավարական նշանակության շատ ձեռնարկությունների դեպքում դա եղել է արտաքին քաղաքական նշանակություն, առնչվել է Հայաստանի տնտեսական ու քաղաքական ինքնիշխանությանն ու անվտանգությանը: Բոլոր այդ գործարքները, որպես կանոն, պարուրված են եղել մութ շերտերով, կասկածելի սխեմաներով, և քննիչ հանձնաժողովի խնդիրը պետք է լինի այդ կասկածների հաստատումը կամ հերքումը, կատարված գործարքների տնտեսական ու քաղաքական արդյունավետության գնահատումը»,- նշել է պատգամավորը։

Ըստ Արման Բաբաջանյանի՝ թավշյա հեղափոխութնքւնից հետո բազմիցս խոսվել է անցած տասնամյակներին, անցած իշխանությունների գործունեությանը իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին, ինչը գործող իշխանությունը, գոնե մինչև այս պահը, չի պատրաստվում անել: Այս քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում կարող են ծնվել նաև այդ իրավաքաղաքական գնահատականի համար անհրաժեշտ փաստական հիմքեր, առնվազն տնտեսական բաղադրիչի մասով: Բացի դրանից  սեփականաշնորհման գործընթացն ունեցել է նաև էական արտաքին քաղաքական բաղադրիչ: Խոսքը վերաբերում է հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող ենթահամակարգերի, դրանցում ներառված օբյեկտների սեփականշնորհմանը՝ էներգետիկա, կապ, հաղորդակցություն: Այդ ոլորտներում տեղի ունեցած կասկածելի, խնդրահարույց մասնավորեցման գործարքների արդյունքում մեծ վնաս է հասցվել Հայաստանի տնտեսական անվտանգությանն ու տնտեսական ինքնիշխանությանը, ինչը հանրագումարում նվազեցրել ու խոցելի է դարձրել պետության ինքնիշխանությունն ընդհանրապես։

Դրա ամենացայտուն օրինակներից մեկը տխրահռչակ «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձևի շրջանակներում Ռուսաստանին հանձնված և այսօր անգործության մատնված ձեռնարկությունների պատմությունն է: Բոլոր այս հարցերին պետք է տրվեն հստակ, հիմնավորված, փորձագիտական մակարդակով փաստարկված պատասխաններ ու գնահատականներ: