Քաղաքականություն

Հայկական բանակն այսօր ազգային միասնականության և համախմբման կենդանի մարմնացումն է․ Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի 28-ամյակի առթիվ։

«Սիրելի՛ զինվորներ, պարոնայք սպաներ և գեներալներ,

Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ, մաղթում խաղաղություն և նոր հաղթանակներ։

Հայկական բանակը ծնունդ առավ և ձևավորվեց մեր նորօրյա ազատագրական պայքարի հերոսական մարտերում: Նա վերականգնեց այն փառքը և համբավը, որը հայ զինվորականներն ունեին հին կայսերական ժամանակներից մինչև Սարդարապատ, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, որտեղ մեր ժողովրդի քաջարի զավակները՝ մարշալներից, գեներալներից մինչև զինվորներ, ոսկե տառերով գրեցին իրենց անունները Մեծ Հաղթանակի կերտման պատմության էջերում:

Այս տարի այդ հաղթանակի 75-ամյա հոբելյանն է, հաղթանակ, որում մեծագույն ներդրում ունեն մեր նախնիները, հաղթանակ, որին իրենց կյանքը զոհաբերեցին մեր ժողովրդի 300 հազարից ավելի որդիներն ու դուստրերը։

Գլուխ եմ խոնարհում Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված մեր նախնիների հիշատակի առաջ և երախտագիտությունս մաղթում վետերաններին, ովքեր ոչ միայն վառ են պահում հաղթանակի հիշողությունը, այլև իրենց կենսափորձով ու անցած ուղիով պատմության կենդանի դաս են մեզ համար։

Այսօր մեր սահմաններին նրա՛նց սերունդներն են, նրանց հաղթական ուղին շարունակողները, մարտական ավանդույթները հաջորդ սերնդին փոխանցողները։

Հայկական բանակն այսօր ազգային միասնականության և համախմբման կենդանի մարմնացումն է: Այն մեր հպարտության և ազգային արժանապատվության ամուր սյունն է, որի շուրջը ձևավորվում և դաստիարակվում է գիտակից և հայրենասեր քաղաքացին:

Բանակը յուրաքանչյուրիս հարազատն է, իսկ մեզնից յուրաքանչյուրը՝ բանակի հարազատը։

Բանակը մեր ընտանիքն է, քանի որ յուրաքանչյուր ընտանիք ինչ-որ կերպ, ուղղակի կամ անուղղակի կապված է բանակի հետ։

Բանակը մեր հպարտությունն է, մեր հզոր հաղթաթղթերից մեկը։

Բանակը մեր ճակատն է։ Եվ բանակի շնորհիվ մենք բաց ճակատով, այսինքն՝ հպարտությամբ, արժանապատվությամբ, ազատ ու համարձակ ենք նայում մեր հեռու և մոտ հարևանների, մեր բարեկամների ու հակառակորդների, մեր ծանոթների ու անծանոթների աչքերին։

Բոլոր ժամանակներում մեր կամավորի, զինվորի, սպայի նշանաբանը եղել են Հայրենիք, Պատիվ, Նվիրվածություն բառերը։ Այդ նշանաբանով են ձեռք բերվել մեր հաղթանակները, այդ նշանաբանով են պաշտպանվել մեր ընտանեկան օջախները, ազատագրվել մեր տարածքները, այդ նշանաբանով են այսօր պաշտպանվում Հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու խաղաղությունը:

Արդի ժամանակներում բանակը նաև տնտեսության, գիտության և մասնագիտական կարողությունների զարգացման խթան է: Ժամանակակից բանակը նշանակում է նոր մտածողություն, նոր հմտություններ, ավելի որակյալ կրթություն և գիտություն, նոր տեխնոլոգիաներ, ժամանակակից արդյունաբերություն, այդ թվում՝ ռազմարդյունաբերություն, ժամանակակից գյուղատնտեսություն, սննդի անվտանգություն, մի խոսքով՝ նոր տնտեսություն։

Անշուշտ, պետության կողմից շարունակաբար ձեռք բերվող զինատեսակները ամրապնդում են մեր զինված ուժերի ռազմատեխնիկական հիմքը։ Սակայն առանց մարդկային կապիտալի, այդ հիմքը չի կարող լիարժեք ամուր լինել։ Բոլորիս ջանքերը, բոլորիս մտքերը պետք է ուղղված լինեն այդ կապիտալը հոգեպես, ֆիզիկապես, տնտեսապես համալրելուն և որակապես այն նոր մակարդակի բարձրացնելուն։

Սիրելի հայրենակիցներ,

Հայկական բանակը յուրաքանչյուր օր մեզ տալիս է ամենաթանկը՝ խաղաղության և ապահովության զգացում։

Այս հունվարի 28-ին էլ տարվա մյուս բոլոր օրերի նման շարունակենք աղոթել մեր զինվորների համար՝

ձե՛զ համար, հարգելի՛ զինվորներ, ազատամարտիկներ, սպաներ և գեներալներ,

ձե՛զ համար, զինծառայողների հարգելի ծնողներ, ձե՛զ համար, մեր սիրելի հերոսների հարգելի ծնողներ ու հարազատներ։

Մտածենք և գործենք մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի, մեր այսօրվա ու վաղվա համար։

Փա՛ռք մեր զինված ուժերին:

Կեցցե՛ն Հայաստանի և Արցախի հանրապետությունները:

Աստված պահապան բոլորիս»։

Դիտումներ 7